AM
8 Սեպտեմբեր 2025 - 14:50 AMT

Կարապետյանը կմնա կալանքի տակ՝ պաշտպանների բողոքը մերժվել է

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ. Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը։ Այդ մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ դատարանը մերժել է նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը, որը վերաբերում է փողերի լվացման վերաբերյալ առկա հիմնավոր կասկածների հաստատմանը։

Դատարանի որոշումը հրապարակվել է գրավոր կարգով։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվել հունիսի 17-ին՝ այն բանից հետո, երբ նա հրապարակային աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ նշելով. «մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա»։

Նրա այդ հայտարարությունից հետո, ըստ հրապարակումների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի հասցեին սոցցանցերում վիրավորական և սպառնալի գրառումներ է արել։

Հունիսի 18-ին Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և ներկայումս պահվում է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Հուլիսի 4-ին նա մեկուսարանից ուղերձ է հղել՝ հայտնելով նոր քաղաքական ուժ ստեղծելու իր մտադրության մասին։

Հուլիսի 17-ին հայտնի է դարձել, որ նրա դեմ նոր մեղադրանք է առաջադրվել, որը ներառում է փողերի լվացում և հարկերից խուսափում։

Օգոստոսի 15-ին, ավելի քան 12 ժամ տևած դատական քննարկումներից հետո, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը ևս երկու ամսով երկարաձգել է կալանքի ժամկետը։