Հայաստանում հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության բոլոր ծառայողներին սթափության վիճակի ստուգում իրականացնելու իրավասություն կտրվի։ Առաջարկը ներառված է Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագրքում ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում, որը Ազգային ժողովի նիստում ներկայացրել է ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։
Փոխնախարարը նշել է․ «Հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության բոլոր ծառայողներին վերապահել իրավասություն՝ իրականացնելու սթափության վիճակի ստուգում: Ներկայումս այդ իրավասությունը վերապահված է միայն պարեկային ծառայողներին, և մյուս ծառայողները դիմում են պարեկների աջակցությանը», հայտնում է Արմենպրեսը։
Փաթեթով նաև առաջարկվել է հստակեցնել կարգապահական տույժերի և խրախուսանքների կիրառման կանոնները՝ ինչպես ոստիկանների, այնպես էլ փրկարար ծառայողների համար՝ ապահովելով միասնական մոտեցում՝ Քաղաքացիական ծառայության մասին օրենքի դրույթները տարածելով այս համակարգերի վրա։
Փոխնախարարի խոսքով՝ նախատեսվում են նոր մոտեցումներ, որոնք միտված են ոստիկանության և փրկարար ծառայության գրավչության բարձրացմանը։ Մասնավորապես, ատեստավորման արդյունքներով տրվող հավելավճարներից բացի, ծառայողները կստանան նաև օրենքով սահմանված լրավճարներ և հավելումներ։
Եղել են նաև առաջարկներ սոցիալական երաշխիքների բարելավման ուղղությամբ։ Մասնավորապես, նախատեսվում է, որ վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխությունների հետևանքով ծառայությունից ազատված ոստիկանները կամ փրկարարները, եթե վեց ամսվա ընթացքում վերանշանակվեն համապատասխան պաշտոնում, կպահպանեն նախկին զբաղեցրած պաշտոնին համապատասխան աշխատավարձը, եթե այն ավելի բարձր է տվյալ պաշտոնի աշխատավարձից։
Բացի այդ, նույն մոտեցումը կիրառվելու է նաև նրանց նկատմամբ, ովքեր ծառայությունից դուրս գալուց հետո մինչև վեց ամսվա ընթացքում կնշանակվեն ՆԳ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակներում քաղաքացիական ծառայության պաշտոններում։ Այս դեպքում նույնպես կպահպանվի նախորդ պաշտոնի աշխատավարձը, եթե այն գերազանցում է նոր պաշտոնի համար սահմանված աշխատավարձը։ Սակայն, եթե նոր պաշտոնը տարբերվում է բնույթով, ապա աշխատավարձը չի պահպանվի։






