AM
8 Սեպտեմբեր 2025 - 15:08 AMT

Մարգարյանի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում կազմված մեղադրական եզրակացությունը դատախազի կողմից հաստատվել է և ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից, հայտնում է 1lurer.am-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տարոն Մարգարյանի ու ևս 15 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Մարգարյանը ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը (Արման Սահակյան-խմբ.), Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, թիվ 185 հանրակրթական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողատարածքից 1939 քմ մակերեսով հողամասն առանձնացրել են, բաժանել մի քանի գույքային միավորների և ձևական աճուրդների միջոցով օտարել իրենց հետ փոխկապակցված անձանց, որից հետո ձևական առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերի հիման վրա այդ հողատարածքները դարձրել իրենցը կամ իրենց մերձավորներինը՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պետության և համայնքի իրավունքներին և օրինական շահերին։

Այնուհետև, վերջիններս մի շարք անձանց օժանդակությամբ փողերի լվացման եղանակով օրինականացրել են հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը: