Պաշտպանության նախարարությունը դրական վերաբերմունք ունի այն անձանց ներգրավման հարցում, ովքեր ժամանակին զորակոչից ազատվել են ոչ իրավաչափ կամ ապօրինի կերպով։ Այդ մասին ԱԺ-ում ասել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ստուգվում են նախկինում բանակից ազատված անձանց գործերը՝ պարզելու՝ պիտանի՞ են արդյոք գոնե վարժական հավաքների մասնակցությանը։
«Պաշտպանության նախարարության դիրքորոշումը միանշանակ դրական կլինի, եթե ոչ իրավաչափ կամ ապօրինի կերպով ազատված մարդիկ կորցնեն իրենց ազատման հիմքը և դառնան պահեստազորային՝ իրենց բոլոր հետևանքներով, այսինքն, մեզ մոտ ներգրավվելու իմաստով»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
Նա պարզաբանել է, որ քանի դեռ գործում են իրավական ակտեր, որոնց հիմքով այդ անձինք ազատվել են ծառայությունից, հիմնականում՝ առողջական պատճառներով, նրանց ներգրավումը հնարավոր չէ։
Փոխնախարարը նշել է, որ քանի առկա է իրավական ակտ, որով նրանք ազատվել են ծառայությունից, մասնավորապես՝ առողջական վիճակի հիմքով, չեն կարող նրանց ներգրավել։
Նրա խոսքով՝ նախաքննական մարմիններում կան բազմաթիվ վարույթներ, այդ թվում՝ տարբեր զորակոչերի ընթացքում այս հիմքով ազատված անձանց իրավաչափությունն ստուգելու ուղղված, որոնք տևում են բավականին երկար, ըստ այդմ, անհնար է համապարփակ տեղեկատվություն տրամադրել։






