ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ խստորեն քննադատելով ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ սեպտեմբերի 8-ին հնչեցրած հայտարարությունները ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին։
Նրանք պահանջում են, որ Հովհաննիսյանը հրապարակային ներողություն հայտնի, իսկ ԱԺ ղեկավարությունը՝ հասցեական դատապարտի նրա արարքը։
«Անթույլատրելի ենք համարում և խստորեն դատապարտում ենք իշխող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ին ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած հայտարարությունները»:
Հայտարարության մեջ նշվել է, որ միջադեպը սկիզբ է առել այն ժամանակ, երբ Արթուր Հովհաննիսյանy փորձ է արել խանգարել Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը։ Թովմասյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարար ջանքեր չի գործադրում՝ Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ։
«Սա ոչ միայն ԱԺ-ում տիրող անհանդուրժողական մթնոլորտի հերթական դրսևորումն է, այլև սեռով պայմանավորված խտրականության դրսևորում և ուղղակի հարձակում կանանց քաղաքական մասնակցության դեմ։
Այս իրավիճակը պետք է արժանանա ոչ միայն ներքաղաքական, այլև միջազգային իրավապաշտպան ու կանանց իրավունքներով զբաղվող կառույցների միանշանակ գնահատականին։
Ակնհայտ է, որ մասնագիտական գործունեություն իրականացնող կանանց պարբերաբար թիրախավորելը վերածվել է իշխող ուժի ներկայացուցիչների կրկնվող արատավոր գործելաոճի։
Փաստ է նաև, որ իշխող ուժի ներկայացուցիչները հետևողականորեն իրականացնում են քաղաքական դիսկուրսը նսեմացնելու և արժեզրկելու քաղաքականություն՝ այն վերածելով վիրավորանքների ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունների շարանի։ Սա վտանգում է հանրային բանավեճի առողջությունը և ժողովրդավարության հիմքերը, ուստի պետք է արժանանա հանրային կտրուկ և միանշանակ արձագանքի։
Հատկանշական է, որ Արթուր Հովհաննիսյանը մշտապես աչքի է ընկնում բարոյական նվազագույն նորմերին հակասող վարքագծով․ նա հայտնի է բռնության հրապարակային կոչերով և ընդդիմադիր գործիչների հասցեին զրպարտություններով, որոնց համար դատարանի վճիռներով պարտավորվել է ներողություն խնդրել։
Անընդունելի համարելով Ազգային ժողովի բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից հանրային հարթակում նման կնոջը թիրախավորող և նվաստացնող բառապաշարի կիրառումը՝ մենք պահանջում ենք․
ա. Արթուր Հովհաննիսյանի կողմից հրապարակային ներողություն՝ իր հայտարարությունների համար,
բ. Ազգային ժողովի ղեկավարության հստակ, հասցեական և հրապարակային դատապարտում, ինչպես նաև Ա. Հովհաննիսյանի վարքը քննող Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում։
Հայտարարությունը ստորագրել են Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Աննա Մկրտչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արեգնազ Մանուկյանը, Արմինե Խերանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արփինե Վարդանյանը, Զեմֆիրա Միրզոևան, Էլինար Վարդանյանը, Իրինա Գասպարյանը, Լիլիթ Գալստյանը և Քրիստինե Վարդանյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների վարքագծին։
«Հայաստանում և Հայաստանից դուրս ՔՊ-ն շատ երևույթների հետ է ասոցացվում` իր երկրի շահերը սակարկման դնելու, հանձնելու, չդիմադրելու, նահանջելու: Երկար շարունակելի ցանկ:
Բայց մի երևույթ էլ կա, որ ՔՊ-ում մշակույթի է վերածվել` կանանց հաշվին ինքնահաստատվելու փորձերը, այլանդակ բառապաշարը և գերդոզավորված ինքնահավանությունը:
Արդեն պարզ է ինչպես Փաշինյանը վարվում է իր կոնկրետ կուսակիցների նկատմամբ, նրանք էլ մաղձը թափում/տարածում են այլոց, իսկ ավելի կոնկրետ հատկապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կանանց նկատմամբ:
Ովքեր ՔՊ-ում կամ դրանից դուրս այս ամենը նորմալ են դիտում, դա ուղիղ խոսում է իրենց հոգեվիճակի, տեսակի, էության և մեծ հաշվով` քաղաքական վախճանի մասին»,-նշել է նա։
ԱԺ պատգամավոր Թագոհի Թովմասյանը նամակով Ալեն Սիմոնյանին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իր ճեպազրույցը, երբ խոսում էր Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների մասին։ «Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային»,–նշել է նա։
Արձագանքելով դրան՝ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անպարկեշտ արտահայտություն է թույլ տվել Թովմասյանի հասցեին՝ ասելով․ «Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել նման լկտի առաջարկ անել, ապա ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որպեսզի հասկանանք, թե այդ 4 տունն իրեն որտեղից»։






