Կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառք է ստացել կեղծ տվյալներով ինքնակամ շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու համար, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ բացահայտել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի և հողաշինարարի որակավորում ստացած մի շարք անհատ ձեռնարկատերեր, նախնական պայմանավորվածությամբ, խմբով, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող ինքնակամ կառույցների քանակական և որակական տվյալները կեղծելու և ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակ ներմուծելու դիմաց քաղաքացիներից կաշառք են ստանալ:
Այդ գումարի մի հատված փոխանցվել է Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին՝ այդ պայմաններում շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու նպատակով:
«Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ նշված անհատ ձեռնարկատերերը Արտաշատ քաղաքում նախագծման գործունեություն իրականացնող անձի, ինչպես նաև Արտաշատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի նախկին աշխատակցի կողմից տեղեկություններ տրամադրելու միջոցով կազմել են մեկ այլ քաղաքացուն պատկանող բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման կեղծ ճարտարապետահատակագծային առաջադրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վերը նշված հանցավոր գործողությունների համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի:
Կադաստրի պետական կոմիտեի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալու արարքի համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Կաշառքի փոխանցմանը նպաստելու, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, ինչպես նաև խմբով կեղծ փաստաթղթեր կազմելու և իրացնելու համար մեղադրանքներ են ներկայացվել նաև երկու անհատ ձեռնարկատերերի, որոնցից մեկը կալանավորվել է, մյուսը՝ տնային կալանքի տակ է վերցվել:
Նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել նաև կաշառք տված քաղաքացուն, ինչպես նաև նրանց, ովքեր մասնակցել են կեղծ փաստաթղթեր կազմելուն:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






