AM
9 Սեպտեմբեր 2025 - 10:45 AMT

Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) գործադիր կոմիտեի անդամ՝ Սինգապուրում կայացած ԴՄԱ գլխավոր ժողովում, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

ԴՄԱ-ի գործադիր կոմիտեն հանդիսանում է կազմակերպության վարչական և ղեկավար մարմինը։ Կոմիտեն ներառում է նախագահ, փոխնախագահներ և ևս 20 անդամ։

ՀՀ գլխավոր դատախազությունը անդամագրվել է ԴՄԱ-ին 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ այս անգամ առաջին անգամ է առաջադրվել Գործադիր կոմիտեի կազմում ընդգրկվելու համար։

Դատախազների միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել աշխարհի դատախազներին, ամրապնդել իրավունքի գերակայությունը և նպաստել մասնագիտական էթիկայի վերաբերյալ ԴՄԱ ընդունած չափանիշների լիարժեք կիրառմանը։

ԴՄԱ-ի տարեկան համաժողովին և գլխավոր ժողովին մասնակցելու նպատակով Սինգապուրում հավաքվել է մոտ 450 մասնակից՝ 80 պետությունից։