AM
9 Սեպտեմբեր 2025 - 11:17 AMT

«Պատիվ ունեմը» կպահանջի էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ Հովհաննիսյանի վարքը քննելու համար

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում՝ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Հիմք ընդունելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքը, դրսևորած խայտառակ պահվածքը և վիրավորական արտահայտությունները մեր գործընկեր Թագուհի Թովմասյանի նկատմամբ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»,-գրել է Աբրահամյանը։

ԱԺ պատգամավոր Թագոհի Թովմասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իր ճեպազրույցը, երբ խոսում էր Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների մասին։ «Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային»,–նշել է նա։

Արձագանքելով դրան՝ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անպարկեշտ արտահայտություն է թույլ տվել Թովմասյանի հասցեին՝ ասելով․ «Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել նման լկտի առաջարկ անել, ապա ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որպեսզի հասկանանք, թե այդ 4 տունն իրեն որտեղից»։