Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն սեպտեմբերի 9-ին Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ հանդիպմանը նրան է ներկայացրել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները։
«Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար։ Իսկ փոխայցերն օգնում են առավել ընդգրկուն դարձնել երկկողմ օրակարգը՝ միաժամանակ շարունակելով ակտիվ երկխոսությունն ու սերտ համագործակցությունը»,–ասել է Ռուբինյանը։
ՀՀ ԱԺ-ի կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային վերջին զարգացումներին։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 11-13-ը Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի ընթացքում։ ՀՀ–ից մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։






