Արտյոմ Սուջյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։
«Արտյոմ Սուջյանին 2025 թվականի սեպտեմբերի 10-ից նշանակել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար»,– ասված է փաստաթղթում։
28-ամյա Արտյոմ Սուջյանը պաշտոնում կփոխարինի Լիպարիտ Դրմեյանին։
Սուջյանը 2022 թվականից զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2024-ի հոկտեմբերին նա նշանակվել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական։
Լիպարիտ Դրմեյանն ազատվել է պաշտոնից օգոստոսի 29-ին։ Նախորդ օրը Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Կառավարությունը ես եմ, չի՛ կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող հենց հիմա դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ, ես իրենց կհանեմ»։ ՀԷՑ-ի հետ կապված Ստոկհոլմի արբիտրաժի վճիռների պարտադիր կատարման ենթակա լինելու փաստը հաստատել էր նաև Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։






