Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խորհրդարանի հայտարարությունների ժամին ներկայացրել է ավելի քան երկու ամիս կալանքի տակ պահվող Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը, որը նա հղել է ԱԱԾ մեկուսարանից։
«Սիրելի հայրենակիցնե՛ր, ձեզ եմ ներկայացնում 2 ամսից ավել ապօրինի կալանավորված Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և ընթերցեց այն.
«Գոհություն և փառք Ամենակալին իմ կյանքի վերջին 75 օրերին իր զորակցության և մխիթարության համար, առանց որի անհնար կլիներ դիմանալ աննախադեպ և աննկարագրելի անարդարության այն հորձանքին, որին ստիպված եղանք դիմակայել: Շնորհակալություն նաև ձեզ, իմ սիրելիներ, բոլորդ, ովքեր ցավակից եք ինձ իմ կրած նեղությունների մեջ, որոնք բացարձակապես ոչինչ են մեր հայրենիքի կորստյան և մեր եղբայրների գերության տառապանքների հետ համեմատած»,–ասվում է ուղերձում, հայտնում է Panorama.am-ը։
Աջապահյանը նշել է, որ անգամ անհարմար է խոսել այդ մասին, երբ մեր արցախցի հայրենակիցները հայրենազրկված են, և մեր եղբայրները` գերության մեջ խոշտանգված:
«Բացարձակ ապօրինի և շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու այն օրենքի առջև, որի հանցավոր անտեսումով և ոտնահարումով դատում են ինձ հիմա:
Եվ ես, ինձ Աստծուց տրված իշխանությամբ, որն անցավոր չէ իրենց ժամանակավոր իշխանության հետ համեմատած, դատապարտելու եմ իրենց և իրենց համախոհներին ոչ թե ժամանակավորապես, այլ հավիտենական։
Քրիստոս ասաց՝ «Ներիր, որովհետև չգիտեն, թե ինչ են գործում»: Ես՝ Տիրոջ անպիտան ծառաս, համարձակվելու եմ ասել՝ «Մի ներիր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում»: Մեր սերը և ողջյունները մեր սիրելի ժողովրդի զավակներին։
Իսկ վերջում կասեմ՝ «Եթե Տերը մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»: Պինդ մնացեք, Աստված մեզ հետ է»,–ասվում է արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձում։
Խամոյանը հավելել է, որ ինքը և իր գործընկերները պարբերաբար այցելում են ԱԱԾ մեկուսարան և հանդիպում սրբազանին։
«Կարող եմ ասել, որ իր ամրությունը, կենսունակությունը և հավատն ապացույցն է նրա, որ այս խոսքերը մի օր կատարվելու են»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։
Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։
Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։






