«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ԱԺ-ում հայտարարությունների ժամին անդրադարձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի փակմանը՝ նշելով, որ այն փոխել է իրավիճակը գերիների, քաղաքական պատանդների և անհետ կորածների խնդրում։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի փակումը գերիների, քաղաքական պատանդների և անհետ կորածների խնդրում նոր իրավիճակ է ստեղծել», -ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Նա հիշեցրել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել այցելելու Ադրբեջանում պահվող հայերին, տեղեկանալու նրանց վիճակին, ապահովելու կապ հարազատների հետ և վարելու աշխատանք անհետ կորածների վերաբերյալ։
«Չնայած Ադրբեջանը հաստատել է ընդամենը 23 հայի գերեվարության հանգամանքը, սակայն տարբեր նյութերով հիմնավորված է մոտ 8 տասնյակ հայերի Ադրբեջանում գտնվելը: Թեև Կարմիր Խաչի գրասենյակի աշխատանքը պաշտոնապես ավարտվեց սեպտեմբերի 3-ից, սակայն սա անակնկալ չէր ու սրա մասին տևական ժամանակ է խոսվում էր, բայց դա որևէ ազդեցություն չի թողել ՀՀ իշխանության գործողությունների և քաղաքական կամքի վրա»,- նշել է Աբրահամյանը։
Պատգամավորը հարցադրել է, թե իշխանությունները ի՞նչ քայլեր են ձեռնարկում գերիների խնդրի լուծման համար՝ կանխելու կեղծ դատավարությունների միջոցով Հայաստանի թիրախավորումը, ապահովելու գերեվարվածների իրավունքների պաշտպանությունը և կազմակերպելու նրանց վերադարձը։
Նա հավելել է, որ իշխանությունների գործողությունները սահմանափակվել են միայն պաթետիկ հայտարարություններով և անիմաստ տեքստերով։
«Պաթետիկ խոսքերից և որոշակի պարբերականությամբ ֆորմալ ու ոչինչ չասող տեքստերից բացի, այլ բան գոյություն չունի: Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթում գերիների, ռազմագերիների վերադարձի դրույթներ կային, սակայն աննախադեպ, պատմական հռչակված վաշինգտոնյան պայմանավորվածություններում այս մասին ոչինչ չկա: Որոշակի հակասական տեղեկատվություն առկա էր ԱՄՆ նախագահի անձնական նախաձեռնությամբ հայերի ճակատագրի ճշգրտման մասով, սակայն դա էլ ընթացք չստացավ: Նման հումանիտար հարցերով ԱՄՆ նախագահը մի քանի անգամ դիմել է օրինակ Բելառուսի ղեկավարին՝ կոնկրետ անձանց բանտերից ազատ արձակման մասով, ինչի արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ հայտնվել են ազատության մեջ:
Ո՞րն է պատճառը, որ նույն պրոցեսը չկա Ադրբեջանում պահվող հայերի հարցում, հատկապես որ, նվազագույնը երևացող մակարդակում Ադրբեջանի ու ԱՄՆ նախագահները ջերմ շփումների մեջ են: Արդյո՞ք չի ստացվում, որ Հայաստանի իշխանությունը շահագրգռվածություն չի դրսևորում, այս հարցը օրակարգային չի համարում, թույլ է տալիս, որ Ադրբեջանն այն որպես քաղաքական խաղաքարտ կիրառի ու Հայաստանից այս կամ այն զիջումը կորզի: Այո ՛, հենց այդպես էլ ստացվում է: Հայաստանի իշխանությանն անհրաժեշտ է հույսի, լավատեսության և խաբկանքի փաստաթուղթ, ինչը կիսատ-պռատ ստացել է ու փորձում է որպես խաղաղություն ծախել, իսկ Հայաստանի շահերը շոշափող, բովանդակություն ապահովող և երկարաժամկետ կայունության ու անվտանգության երաշխիքներ չկան, որովհետև իշխանությունն օրվա քաղաքական կուրսով է շարժվում և առաջնայինը իր վերարտադրության ապահովումն է»,- ասել է Աբրահամյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հիշեցրել է, որ 2023-ի տվյալներով Հայաստանում գրանցվել է ավելի քան 2400 կալանավոր։ Նա ընդգծել է, որ համաներման նախաձեռնությունը գալիս է վարչապետից, իսկ խորհրդարանը միայն քննարկում է ներկայացված օրենքի նախագիծը։
Մամիջանյանը նշել է, որ ազատազրկման հիմնական նպատակն անձի վերասոցիալիզացիան է, նրան հասարակության հետ վերաինտեգրման ապահովելը, ուղղելը և ոչ թե պարզապես պատժելը։
Նա հավելել է, որ բանտերում պահվող հարյուրավոր մարդիկ զրկվել են ընտանիքի հետ լինելու հնարավորությունից, իսկ նրանց երեխաները՝ ծնողական խնամքից։ Միաժամանակ, աշխատաշուկան զրկվել է աշխատուժից։ Նա հատուկ ընդգծել է, որ իր խոսքը կապ չունի միայն քաղբանտարկյալների հետ։
«Հայաստանում այս պահին 30-ից ավել քաղբանտարկյալ կա, մարդիկ, ում միակ հանցանքը հայրենասիրությունն է և նրանք պետք է ազատ արձակվեն հենց այս պահին, բայց ելույթս իրենց մասին չէ»,- ասել է Մամիջանյանը։
Նա կարևորել է համաներման հարցի հրատապությունը և կառավարությունից պահանջել է անհապաղ սկսել այդ գործընթացը՝ այն ներկայացնելով ԱԺ քննարկմանը։
«Դուք արդյունավետ ոչինչ չեք անում, մեր տղաներին Բաքվի գերությունից բերելու համար, բայց էս մեկն ամբողջությամբ ձեր ձեռքն է, տեսնենք»,- իշխող ուժին է դիմել Մամիջանյանը։
Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ԿԽՄԿ–ն 2025 թ․ սեպտեմբերի 3-ից դադարեցրել է իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում։ Հայտարարվել է, որ որ «Ադրբեջանի իշխանություններն են ապահովելու պահվող անձանց ու նրանց ընտանիքների միջև կապը»։ Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր։
Սեպտեմբերի 2–ին Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, ահազանգել է, որ ամուսինը արդեն 20 օր է հացադուլ է անում Բաքվի բանտում։Նա դիմել է միջազգային հանրությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ամուսնու կյանքը վտանգված է, կորցնում է նրան, շտապ բժիշկ է պետք։






