AM
9 Սեպտեմբեր 2025 - 14:49 AMT

ՀԾԿՀ նախագահ․ Պետրոսյանը գործում է իրեն տրված լիազորությունների սահմանում

Ազգային ժողովի նիստում ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն անդրադարձել է ՀԷՑ-ի շուրջ ընթացող գործընթացներին։ Նա նշել է, որ Ռոմանոս Պետրոսյանը, որպես ժամանակավոր կառավարիչ, գործում է օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում և այս պահին իրականացնում է ընկերության գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները։

«Ինձ հետ այդ գործողությունները համաձայնեցնելու կամ քննարկելու պարտադիր պահանջ չկա, և մենք նման քննարկումներ չենք ունենում»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հիշեցրել է, որ ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերը չեն կատարվել, թեև դրանք հաստատվել են հենց Մեսրոպյանի գլխավորած հանձնաժողովում։ Նա հավելել է, որ ծրագրերի որոշ մասը փոխվել է՝ առաջնայինից տեղափոխվելով երկրորդային պլան, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի էլեկտրացանցերի արդիականացման և բաշխիչ ցանցերի հզորության ապահովման ծրագրերը։

Ղազարյանի խոսքով՝ ՀԾԿՀ նախագահը տվել է իր համաձայնությունը այս փոփոխություններին, և հենց դրանից հետո է կայացվել ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարչին հանձնելու որոշումը։

Արձագանքելով՝ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել է․ «Ես գործել եմ բացառապես էներգետիկայի մասին լրամշակված օրենքով՝ ինձ տրված օրենքի լիազորությունների շրջանակում, այսինքն՝ երբ եղել է Կառավարության լիազոր մարմնի նեկայացուցչի, այն է՝ ՏԿԵ նախարարի հաղորդագրությունը ՀԷՑ ՓԲԸ-ի վերաբերյալ, նույն օրենքի պահանջի համաձայն, ինձ տրված իրավունքով, հարուցել եմ վարույթ, և այժմ վարույթն ընթացքի մեջ է:

Վարույթի վերաբերյալ լրացուցչ այլ տվյալներ չեմ կարող ասել: Ավարտից հետո այն բնականաբար կհանրահռչակվի, բոլորը տեղյակ կլինեն արդյունքների մասին»,- ասել է նա։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն հարցին, թե ինչու չի կատարվում Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, Մեսրոպյանը նշել է, որ ինքը միջազգային իրավական գործընթացի կողմ չէ։

«Ես այս պահին միջազգային արբիտրաժի վեճի կողմ չեմ և իրավասու չեմ այդ հարցերին պատասխանել»,- պարզաբանել է նա։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։