Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «միջանցք» հասկացությունը գոյություն չունի և հարցը վերաբերում է միայն ճանապարհին։
«Խոսքը ճանապարհի մասին է։ Ո՛չ խաղաղության պայմանագրի տեքստում, ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա։ Ոչ մի միջանցք չի լինելու, ոչ մի բան զոռով չի լինելու»,- ասել է դեսպանը, հայտնում է Aysor.am-ը։
Բացի այդ, նա պարզաբանել է, որ ԱԺ է եկել խորհրդարանական համագործակցության շրջանակում և նշել է, որ նախատեսվում է ստեղծել համատեղ հանձնաժողով՝ հյուպատոսական հարցերով զբաղվելու նպատակով։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։






