AM
10 Սեպտեմբեր 2025 - 07:36 AMT

ԶԼՄ․ Կաթողիկոսն այցելել է Միքայել սրբազանին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, մի խումբ եպիսկոպոսների ուղեկցությամբ, այցելել է կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, հայտնում է Aravot.am-ն իր աղբյուրի վրա հղումով։

Նշվում է, որ, չնայած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հետ կապ հաստատել չի հաջողվել, աղբյուրի փոխանցմամբ՝ այցը տեղի է ունեցել այդ ձևաչափով։

Մոտ մեկ ամիս առաջ իշխանությունները մերժել էին կաթողիկոսի՝ Միքայել սրբազանին տեսակցելու խնդրանքը, երբ վերջինս գտնվել է նախնական կալանքի վայրում։ Դատական նիստի ընթացքում Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Քննիչը մերժել է միջնորդությունը»:

Աջապահյանի փաստաբաններն Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել՝ վիճարկելով նրա կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը, հայտնում է Panorama.am-ը։

Փաստաբանները պահանջել են չեղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից օգոստոսի 15-ին ընդունված որոշումը և Աջապահյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնել կամ փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով։

Սեպտեմբերի 3-ին ներկայացված բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։