AM
10 Սեպտեմբեր 2025 - 07:53 AMT

Գրիգորյանը Վիեննայում խոսել է ապաշրջափակման տնտեսական հնարավորությունների մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիեննայում հանդիպում է անցկացրել Ավստրիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարսշիկի հետ։ Քննարկելով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցը՝ նրանք անդրադարձ են կատարել սպասվող տնտեսական և ներդրումային հնարավորություններին, միաժամանակ կարևորելով առկա ներուժի իրացումը առևտրատնտեսական համագործակցության ոլորտում։

Նրանք կարևորել են Հայաստանի և Ավստրիայի միջև բազմաճյուղ համագործակցությունը և դրա կայուն զարգացումը։ Զրուցակիցները նշել են, որ բարձր մակարդակի հանդիպումները մեծ նշանակություն ունեն երկկողմ հարաբերությունների խորացման գործում, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի գրասենյակը։

Զրուցակիցները խոսել են նաև բազմակողմ ձևաչափերում գործակցությունից, ներառյալ՝ ՀՀ-ԵՄ ընդլայնված օրակարգի շրջանակում առկա փոխգործակցության հնարավորություններից։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։