Հայաստանից մեկնել է 43,875 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 27,920-ը։ Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 15,955 արցախցի։ Տվյալները տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, հայտնում է «ՍիվիլՆեթը»։
Նախորդ ամսվա համեմատ վերադարձողների թիվը աճել է 780-ով․ եթե օգոստոսի 1-ին չվերադարձողների թիվը 16,735 էր, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 15,955։
2024-ի գարնանից մինչև 2025-ի գարուն (մոտ մեկ տարի) չվերադարձողների թիվը պահպանվել է 11-12 հազարի սահմաններում (տե՛ս գրաֆիկը ստորև)։ Սակայն 2025-ի մայիսից սկսվեց նոր ալիք․ չվերադարձողների թիվը ավելացել է մոտ 4-5 հազարով։ Դա համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ դադարեցվեց արցախցիների «40+10» հազար դրամ սոցիալական ծրագիրը, և աջակցությունը դարձավ թիրախային՝ միայն խոցելի խմբերին։
Ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալներով՝ 2025 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստացել է 10,659 արցախցի, իսկ դիմում ներկայացրածների թիվը հասել է 15,272-ի։ Քաղաքացիության ձեռքբերումը հանդիսանում է առանցքային պայման՝ բնակարանային աջակցության ծրագրերից օգտվելու համար։
ՀՀ կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունել է որոշում, որով արցախցիներին ընդունել է ժամանակավոր պաշտպանության տակ և օրենքի ուժով նրանց ճանաչել է որպես փախստական։






