Հայաստանում պետական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվող լեզվաբանական եզրույթները կարգավորելու ուղղությամբ սկսվել է համակարգային գործընթաց: Այդ մասին ԱԺ–ում ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով` օրենսդրական այս փաթեթը շատ կարևոր է լեզվական քաղաքականության ճշտգրտման և հստակեցման համար, հայտնում է Sputnik Արմենիան։
Նախարարը կարևորել է նախաձեռնությունը՝ շեշտելով, որ այն դառնալու է ոլորտի կանոնակարգման մեկնարկային փուլը, քանի որ առկա է լեզվական քաղաքականության ավելի խորքային բարեփոխումների անհրաժեշտություն։
Նա նաև տեղեկացրել է, որ նախարարությունը ՀՀ լեզվի կոմիտեի հետ համատեղ աշխատել է լեզվական քաղաքականության հայեցակարգի ձևավորման ուղղությամբ, որը նախատեսվում է շուտով ներկայացնել հանրային քննարկման։
Անդրեասյանը նշել է, որ առաջնային նպատակը հենց եզրաբանության կարգավորումն է, ուստի առաջարկվում է պետական փաստաթղթաշրջանառության մեջ օգտագործվող եզրույթների կարգավորման գործընթացի համար նախատեսել առանձին լիազորող նորմ։ Այս նպատակով կձևավորվի համապատասխան մասնագիտական հանձնաժողով։
«Այս ընթացքում բազմաթիվ են եղել իրավիճակները, երբ մեր երկրի համար կարևորագույն իրավիճակներում մենք հասկացությունների սահմանման և միատեսակ օգտագործման կարևորագույն խնդիր ենք ունեցել»,– հայտարարել է նախարարը։
Անդրեասյանն ընդգծել է, որ թեև Սահմանադրությամբ հայերենը սահմանված է որպես պետական լեզու, որևէ փաստաթղթում հստակեցված չէ, թե դա ինչ է ենթադրում, ինչ գործնական բովանդակություն է դրան հաղորդվում և ինչպես պետք է իրականացվի դրա կիրառման մեխանիզմը։






