AM
10 Սեպտեմբեր 2025 - 08:40 AMT

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Կլիմայի հարցերով Աֆրիկայի երկրորդ գագաթաժողովին

Սեպտեմբերի 8-10-ը Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Ադիս Աբեբայում անցկացվող Կլիմայի հարցերով Աֆրիկայի երկրորդ գագաթաժողովին։

ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բանակցային խմբի ղեկավար և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանն իր ելույթում շեշտադրել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունն Աֆրիկայի գործընկերների հետ՝ ուշադրություն դարձնելով կենսաբազմազանության հարցերում առկա ընդհանուր մարտահրավերներին և փոխադարձ հետաքրքրություններին։

Մարգարյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ COP17-ի նախագահության շրջանակում, որը նախատեսվում է 2026 թվականին, ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ ուղղված առավել խոցելի տարածաշրջանների խնդիրների բարձրաձայնմանը, ներառական գործընկերությունների առաջմղմանը և միջազգային ֆինանսավորման միջոցների մոբիլիզացմանը։

Մարգարյանը հանդիպումներ է ունեցել մի շարք աֆրիկյան երկրների գործընկերների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության հնարավոր զարգացումները, մասնավորապես COP17 համաժողովի համատեքստում։