AM
10 Սեպտեմբեր 2025 - 09:13 AMT

ԱԳՆ. ՀՀ–ն մտահոգություն է հայտնել Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման առնչությամբ

Հայաստանը մտահոգությունն է հայտնել Իսրայելի կողմից Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման վերաբերյալ և կողմերին զսպվածության կոչ է արել: Այդ մասին ասվում է ԱԳՆ X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։

«Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորմամբ և բոլոր ներգրավված կողմերին զսպվածության կոչ է անում՝ խուսափելու համար տարածաշրջանի անվտանգային իրավիճակի հետագա սրումից »,-ասված է հայտարարությունում:

Իսրայելի հարվածի արդյունքում Դոհայում սպանվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության անդամներ, Կատարը խստորեն դատապարտել է այդ գործողությունը։ Կատարի ԱԳՆ–ն հարվածը որակել է որպես միջազգային իրավունքի և նորմերի կոպիտ խախտում։

Ըստ լրատվամիջոցների՝ սպանվել է 6 մարդ, այդ թվում ՀԱՄԱՍ–ի ղեկավարի որդին։