AM
10 Սեպտեմբեր 2025 - 09:17 AMT

Աշխարհում առաջին անգամ գիրությունից տառապող երեխաների թիվը գերազանցել է թերսնվածներին

ՄԱԿ-ի զեկույցի տվյալներով՝ աշխարհում առաջին անգամ ավելորդ քաշ ունեցող երեխաների թիվը գերազանցել է թերսնված երեխաների թվից։

Փաստաթուղթը զգուշացնում է, որ վերամշակված ու անորակ սննդամթերքն աստիճանաբար գերակշռում է երեխաների սննդակարգում, գրում է Radar Armenia-ն։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ներկայումս 188 միլիոն դեռահաս և դպրոցական տարիքի երեխա տառապում է գիրությունից, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության ու զարգացման վրա՝ մեծացնելով կյանքին սպառնացող հիվանդությունների առաջացման վտանգը։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը նշել է. «Երբ խոսում ենք թերսնվածության մասին, այլևս չենք նկատի ունենում միայն թերսնված երեխաներին։ Գիրությունը դառնում է աճող մտահոգություն։ Գերամշակված սննդամթերքը աստիճանաբար փոխարինում է մրգերին, բանջարեղենին և սպիտակուցներին այն ժամանակ, երբ սնուցումն առանցքային նշանակություն ունի երեխաների ֆիզիկական աճի, ճանաչողական զարգացման և հոգեկան առողջության համար»։

Զեկույցի համաձայն՝ 5-19 տարեկանների շրջանում թերսնված է 9.2%-ը, մինչդեռ 9.4%-ը դասվում է գերերի շարքը։ 2000 թվականին այս տարիքային խմբում թերսնվածների բաժինը կազմել է 13%, իսկ գիրության ցուցանիշը եղել է ընդամենը 3%։ Այժմ գիրությունը համարվում է առավել տարածված սննդային խանգարում ամբողջ աշխարհում՝ բացառությամբ Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի և Հարավային Ասիայի։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ երեխաների զգալի մասը շարունակում է տառապել սննդի պակասից, գերքաշության խնդիրը նույնպես նկատելի է։

Զեկույցը նաև արձանագրել է, որ 5-19 տարեկան յուրաքանչյուր հինգերորդ երեխան ունի ավելորդ քաշ։ Այս տարիքային խմբում 291 միլիոն երեխայի շրջանում գիրության տարածվածությունը 2000 թվականի 30%-ից 2022 թվականին հասել է 42%-ի։