AM
10 Սեպտեմբեր 2025 - 09:59 AMT

Բաթոյան․ Առաջիկայում ԱԺ էթիկայի հանձնաժողով կստեղծվի, այն չի անդրադառնա եղած դեպքերին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ճեպազրույցում ասել է, որ աջակցում է ԱԺ-ում էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը։

«Այս ուղղությամբ աշխատանքներ իրականացրել ենք, և ընդդիմության մեր գործընկերների հետ շատ կառուցողական քննարկման եմ մասնակցել, արտագնա հանդիպումներ են եղել: Կարծում եմ՝ մենք այդ հանձնաժողովը կստեղծենք արդեն առաջիկայում, և դա չի անդրադառնա, բնականաբար, եղած դեպքերին»,–ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Նա նշել է, որ մինչ այս պահը նախաձեռնված հանձնաժողովներն ավելի շատ քաղաքական շահարկման բնույթ են կրել:

«Ես ցավով եմ ասում, որ կան դեպքեր, որոնք իսկապես պետք է քննարկվեն այդ հանձնաժողովներում, բայց այս պահին ես վստահ եմ, որ ընդդիմությունը պարզապես դա որպես հարց շահարկելու է»,-ասել է նա։

Նա ընդգծել է, որ մշակված նախագիծը ենթադրում է ոչ թե ժամանակավոր, այլ մշտական հանձնաժողովի ձևավորում, ինչը թույլ կտա ապահովել կայուն և համակարգված աշխատանք։

«Ինչ վերաբերում է առաջիկային, մենք այնպիսի նախագիծ ենք մշակել, որ այդ հանձնաժողովը ժամանակավոր սկզբունքով չաշխատի, այլ լինի մշտական»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին և ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին առնչվող միջադեպին, ապա Զարուհի Բաթոյանն ընդգծել է, որ երկու պատգամավորի ասածին էլ վատ է վերաբերվում, ինչպես նաև անընդունելի է համարում նման արտահայտությունները:

«Կարծում եմ, որ նման հրապարակումները, հանրային խոսքը, քաղաքական խոսքը քաղաքական մշակույթում պետք է տեղ չունենան, և այդ իմաստով ես իսկապես ցավում եմ, որ տիկին Թովմասյանի սադրանքներին պարոն Հովհաննիսյանը տրվել է և այդպես է պատասխանել»,- ասել է Բաթոյանը՝ հավելելով, որ Արթուր Հովհաննիսյանին մանդատը վայր դնելու առաջարկ չի արել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում՝ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու նպատակով։

ԱԺ պատգամավոր Թագոհի Թովմասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իր ճեպազրույցը, երբ խոսում էր Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների մասին։ «Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային»,–նշել է նա։

Արձագանքելով դրան՝ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անպարկեշտ արտահայտություն է թույլ տվել Թովմասյանի հասցեին՝ ասելով․ «Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել նման լկտի առաջարկ անել, ապա ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որպեսզի հասկանանք, թե այդ 4 տունն իրեն որտեղից»։