AM
10 Սեպտեմբեր 2025 - 10:10 AMT

Ստեփանակերտի «Վերնատուն» ակումբ-ցուցասրահը Երևանում կգործի «Խառնել-Միացնել» անունով

Ստեփանակերտի «Վերնատուն» ակումբ-ցուցասրահը վերսկսել է իր գործունեությունը Երևանում՝ Հալաբյան փողոց 34/ա հասցեում, նոր անունով՝ «Խառնել-Միացնել»։

Այստեղ ներկայացված են արցախցի լավագույն նկարիչների ստեղծագործությունները՝ Էդմոն Պետրոսյան (Դիքեն), Վահան Շահրամանյան, Առնոլդ Մելիքսեթյան, հայտնում է Արցախի մշակույթի նախարարությունը։

Կտավների և արվեստի գործերի զգալի մասը հաջողվել է փրկել Ստեփանակերտից՝ 2023 թվականի բռնի տեղահանության ժամանակ, և այժմ դրանք իրենց երկրորդ կյանքն են գտել Երևանում։

«Ակումբը միավորում է երկխոսության և մտքերի փոխանակման միջավայրը՝ հիշեցնելով «Վերնատուն»-ի ավանդույթը, և միաժամանակ հանդիսանում է գեղարվեստական ցուցասրահ։ Կտավների կողքին ցուցադրված են նաև մշակութային-պատմական ու այլ արժեքավոր արտեֆակտներ, որոնք կրում են Արցախի և Հայաստանի պատմական հիշողությունն ու հոգևոր էներգիան։

Այս նախաձեռնությունը ոչ միայն պահպանում է Արցախի մշակութային ժառանգությունը, այլև նոր հնարավորություններ է ստեղծում մեր արվեստը Երևանի մշակութային կյանքում ճանաչելի ու հասանելի դարձնելու համար»,- ասվում է Արցախի մշակույթի նախարարարության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։