Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, անդրադառնալով «Զարկերակ» կայքի և Հ1-ի կայքում արտատպված հոդվածի վերաբերյալ ստացած բազմաթիվ հարցումներին ի պատասխան, հայտնել է, որ նյութում ներկայացված վերագրումները որևէ իրական հիմք չունեն։
«Զարկերակում» հրապարակված նյութը կոչվում էր «Կտրիճ Ներսիսյանը դեռևս 2024-ին ֆեյքերեցների գունդ է ձևավորել», որտեղ ասվում է, թե Մայր Աթոռի հրահանգով ստեղծվել է թելեգրամյան մի փակ խումբ, որին անդամակցում են քահանաներ Հայաստանի բոլոր թեմերից։
«Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի՝ որևէ ճշմարտություն և հարց բարձրաձայնելու համար:
Մայր Աթոռի Տեղեկատվական բաժինն իր գործառույթների շրջանակներում բնականաբար տարբեր ձևաչափերով մշտապես կապի մեջ է և համագործակցում է Եկեղեցու թեմերի մամլո պատասխանատուների և հոգևորականների հետ։ Տեղեկատվության պատշաճ տարածման նպատակով Տեղեկատվականը ունի եկեղեցականաց առանձին խմբեր, որոնց հետ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են խորհրդակցություններ և թեմատիկ քննարկումներ»,- ասվում է հայտարարությունում։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հաստատել է, որ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդը սեպտեմբերի 9–ին այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, հայտնում է «Ազատությունը»։
Նրա փոխանցմամբ՝ կաթողիկոսին ուղեկցել են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
«Նշենք, որ Վեհափառ Հայրապետը ժամանակին ցանկություն էր արտահայտել այցելելու Միքայել և Բագրատ սրբազաններին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ցավոք, մերժում էր ստացվել», – հայտնել է Տեր Եսայի քահանան։
Նա հավելել է, որ «Մայր Աթոռը խստորեն դատապարտում է վերջիններիս նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և պատվիրված դատավարական գործընթացները»։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքը հիմնված է մեկ տարի առաջ տրված հարցազրույցի վրա, որտեղ նա արտահայտվել է հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ Գլխավոր դատախազությունը հանցակազմ չի հայտնաբերել և գործ չի հարուցել, սակայն ըստ դատախազության՝ նա նույն հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։
Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է տուգանք կամ մինչև հինգ տարի ազատազրկում։






