Կրետեի շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հարցազրույց է տվել առաջատար շրջանային ecriti.gr լրատվամիջոցին՝ նշելով, որ հայ-հունական հարաբերությունները «արյունակցական եղբայրության» բնույթ ունեն, սակայն անհրաժեշտ է դրանք մշտապես խնամել ու զարգացնել նոր նախաձեռնություններով։
Տիգրան Մկրտչյանը շեշտել է, որ երկու երկրների համագործակցությունը ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները։
«Առկա է բավական ինտենսիվ համագործակցություն պաշտպանական ուղղությամբ, որը ես համարում եմ կարևորագույններից մեկը», — ասել է դեսպանը, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Նա հավելել է, որ հույներն ու հայերը անկախ մտածելակերպ ունեցող հնագույն քրիստոնյա ժողովուրդներ են։
«Վերջերս իմ հանդիպումներից մեկի ժամանակ մի պաշտոնյա ընդգծեց որ մենք ընդհանուր անցյալ ունենք, ընդհանուր ցավ ունենք, նույն մարտահրավերներին ենք բախվել։ Համաձայնելով այդ ամենին՝ ես նշեցի, որ մենք հիմա պետք է կենտրոնանանք միասին այդ դժվարությունները հաղթահարելու վրա։ Հետևաբար, միասին ճգնաժամային իրավիճակներից դուրս գալը նույնպես կարող է հետաքրքիր փորձառություն լինել։ Իսկ դա մենք կարող ենք անել, եթե ունենանք կառուցելու, ստեղծագործելու ու ստեղծելու, ըստ այդմ ուժեղանալու և առավել դիմացկուն լինելու կամք, միմյանց մշտապես աջակցելու աներկբա վճռականություն։
Մեր ժողովուրդների առանձնահատկություններից մեկը դա արժեհամակարգն է իհարկե։ Հույներն ու հայերը անկախ մտածելակերպ ունեցող հնագույն քրիստոնյա ժողովուրդներ են և հավանաբար այդ հանգամանքն է նաև եղել պատճառներից մեկը, որի հետևանքով նրանք պատմության ընթացքում մեծ դժվարությունների են բախվել։ Սակայն կարծում եմ, որ այդ արժեհամակարգը և լուսավոր ապագա կառուցելու կամքը կլինեն այն լուծումները, որոնք կստեղծեն մեր ժողովուրդների համար հնարավորություններ 21-րդ դարում»,–ասել է դեսպանը։






