AM
10 Սեպտեմբեր 2025 - 12:39 AMT

Ալեքսանյան․ Կարապետյանը գնում է քաղաքական «լուզերների» ճանապարհով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանում արձագանքել է «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի քաղաքական ուժ ձևավորելու մտադրության մասին հարցին։

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը գնում է «քաղաքական մյուս լուզերների ճանապարհով», հայտնում է 1lurer.am-ը։

«Ընդհանրապես, եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշի հրապարակել քաղաքական լուզերության առաջնորդության մի այսպիսի գիրք, ապա այնտեղ առաջին քայլը քաղաքական «լուզերի» համար պետք է լինի Գելափին հարցում պատվիրելը, որով ինքը կունենա ուռճացված տոկոսներ:

Այդ քաղաքական «լուզերության» առաջամարտիկը Ռոբերտ Քոչարյանն է, և կարծում եմ՝ իր դառը փորձով կարող է ծունկ ծնկի տալ և կիսվել, օրինակ՝ Սամվել Կարապետյանի կամ այլ ռուսաստանցի օլիգարխների հետ»,- հայտարարել է Ալեքսանյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե հարցումները ցույց են տվել՝ նրա քաղաքական ուժը հանրության շրջանում բավական բարձր տոկոսներ է գրանցել:

Պատգամավորը չի համաձայնել այն դիտարկմանը, թե գործարարի թիմը կարող է առավելություն ստանալ 2026-ի ընտրություններում՝ նշելով, որ նրա եղբայրը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար և Հանրապետական խմբակցության պատգամավոր։

«Սամվել Կարապետյանի եղբայրն էր Սերժ Սարգսյանի խմբակցության պատգամավորը, այդ ո՞ր պահից սկսած նա չի կրում Հանրապետականի գործածների պատասխանատվությունը: Մեր օրոք էլ նշանակված պաշտոնյաների նկատմամբ կան քրեական գործեր, դա բոլորիդ աչքի առաջ է:

Բայց դա նրանից է, որ մեր քաղաքական թիմը մերժում է այդ երևույթը, ու ցանկացած մեկը, եթե կա, ես ինքս եմ պահանջում, որ նման մեկի նկատմամբ հնարավորինս շուտ հարուցվի քրեական գործ, ու տեղի ունենա արդարադատություն, բայց մենք խոսում ենք Հանրապետական կուսակցության մասին: Նրանք կառուցել էին իրենց քաղաքական համակարգը հենց նրա վրա, որ պետք է թալանել, հարստահարել, որ պետք է ապօրինի գույք կուտակել: Դա է տարբերությունը: Եթե մարդը նման պաշտոն է զբաղեցնում, ուրեմն ինքը քաղաքական թիմում առանցքային դեր ունի»,- ընդգծել է Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը բարձր պաշտոն է, ինչը նշանակում է, որ մարդը քաղաքական թիմում առանցքային դերերից մեկն է տանում:

Հարցին՝ որն է տարբերությունը Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարների միջև, Ալեքսանյանը ընդգծել է՝ տարբերությունը քաղաքական համակարգն է:

«Հայաստանում 2018-ին տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն, որի ընթացքում շեշտվել է, որ չեն լինելու վենդետաներ, ու որ ամեն ինչ տեղի է ունենալուսիրո և համերաշխության մթնոլորտում: Դրանով է պայմանավորված եղել գործող իշխանության վերաբերմունքը, այդ թվում՝ որոշակի դրական վերաբերմունքը նախկին համակարգի հետ որոշակի առնչություն ունեցած մարդկանց նկատմամբ, ովքեր էդ պահին առնվազն հանրային կերպով հայտնել են՝ ցանկանում են, որ Հայաստանը ունենա լավ ապագա»,- հավելել է պատգամավորը:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք իշխանությունը մտավախություն ունի՞, որ Կարապետյանը վտանգ է ներկայացնում իր համար, Ալեքսանյանը տվեց բացասական պատասխան՝ ընդգծելով, որ «դա քաղաքական լուզերության հիթ շքերթ է»: