ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլիին, ով ներկայացրել է իր հավատարմագրերի պատճենը։
Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 26-ին Երևանում կայացած Հայաստան–Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի արդյունքներին և նախանշել են հետագա ծրագրերը։
Նրանք գոհունակությամբ նշել են հայ-բրիտանական հարաբերությունների հետևողական զարգացումը և վերահաստատել են պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի։
Վահան Կոստանյանը դեսպանին ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև Հայաստանի դիրքորոշումն ու պատկերացումը խաղաղության ինստիտուցիոնալացման հետագա քայլերի մասին։
Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ԿԽՄԿ–ն 2025 թ․ սեպտեմբերի 3-ից դադարեցրել է իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում։ Հայտարարվել է, որ որ «Ադրբեջանի իշխանություններն են ապահովելու պահվող անձանց ու նրանց ընտանիքների միջև կապը»։ Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր։
Սեպտեմբերի 2–ին Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, ահազանգել է, որ ամուսինը արդեն 20 օր է հացադուլ է անում Բաքվի բանտում։Նա դիմել է միջազգային հանրությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ամուսնու կյանքը վտանգված է, կորցնում է նրան, շտապ բժիշկ է պետք։






