Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Սև ծովի շրջաններից սեպտեմբերի 11-ին ցիկլոն է ներթափանցելու Հայաստան։
«Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում անձրև և ամպրոպ, ինչպես նաև ջերմաստիճանի անկում կլինի՝ այսօրվա համեմատ մոտ 5-6 աստիճանով»,– նշել է Սուրենյանը ֆեյսբուքյան էջում։
Սուրենյանն ասել է, որ սեպտեմբերի այս տարվա առաջին տասնօրյակը առանձնապես չի տարբերվել նախորդ հինգ տարիների նույն ժամանակահատվածից, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ունեցել ենք ավելի բարձր ջերմաստիճաններ, երբ Արարատյան դաշտում հասել է 40 աստիճանի, իսկ այս սեպտեմբերի առաջին օրերին արձանագրել ենք մինչև 38 աստիճան տաքություն»,– ասել է նա։
Մասնագետը նաև տեղեկացրել է, որ սեպտեմբեր ամսվա տեղումների ծավալները կանխատեսվում են նորմայի սահմաններում։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 10-ին կեսօրից հետո, ինչպես նաև սեպտեմբերի 12-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում են անձրևներ ու ամպրոպներ։ Սեպտեմբերի 11-ին տեղումները ժամանակ առ ժամանակ կտեղան ամբողջ հանրապետության տարածքում, իսկ որոշ շրջաններում դրանք կլինեն հորդառատ։ Սեպտեմբերի 13-14-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին կնվազի 2-4 աստիճանով, իսկ 11-ին՝ ևս 4-6 աստիճանով։
Ամպրոպների ընթացքում քամու արագությունը կարող է հասնել 17-20 մ/վ-ի։
Երևանում սեպտեմբերի 10-ին և 12-14-ին տեղումներ չեն կանխատեսվում։ Սեպտեմբերի 11-ին մայրաքաղաքում սպասվում են անձրև և ամպրոպ, որոնց ընթացքում քամին կարող է ուժգնանալ մինչև 16-19 մ/վ։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 10-ի ցերեկը կանխատեսվում է +29…+31 աստիճան, իսկ երեկոյան ժամերին՝ +21…+23 աստիճան։






