AM
10 Սեպտեմբեր 2025 - 13:57 AMT

Միրզոյան․ Գերիների և պատանդառվածների ազատ արձակումը մեր առաջնային ուշադրության առարկան է

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ գերիների հարցում դեռևս վերջնական լուծում չկա՝ չնայած ադրբեջանական կողմի նախկինում հրապարակած պարտավորությանը բոլորին ազատ արձակելու վերաբերյալ։

Նա հավելել է, որ գերիների և պատանդառվածների ազատ արձակումը կառավարության առաջնային ուշադրության առարկան են, հայտնում է 1lurer.am-ը։

«Եթե երկու երկիր անկեղծորեն ասում են՝ խաղաղություն ենք հաստատում, երևի արժի առաջինը հումանիտար հարցերը կարգավորել, որովհետև դրանք զգայուն հարցեր են, մարդկանց համար ցավոտ հարցեր են:

Բայց նաև պարտքս եմ համարում ասել, որ այսօր ևս մեր առաջնային ուշադրության առարկան են հումանիտար հարցերը, և հենց առաջին հերթին գերիների ազատ արձակման հարցը, պատանդառվածների ազատ արձակման հարցը, անհետ կորած մարդկանց ճակատագրերի պարզաբանման հարցը:

Հավատացնում եմ ձեզ, այդ աշխատանքները հենց այսօր էլ շարունակվում են և, իհարկե, վաղն էլ չեն դադարելու»,- ասել է նա:

Ադրբեջանի բանտում պահվող Վիգեն Էուլջեքջյանը արդեն 28 օր է հացադուլ է սկսել, սակայն նրա ընտանիքը դեռևս որևէ տեղեկություն չունի նրա առողջական վիճակի վերաբերյալ։

Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ԿԽՄԿ–ն 2025 թ․ սեպտեմբերի 3-ից դադարեցրել է իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում։ Հայտարարվել է, որ որ «Ադրբեջանի իշխանություններն են ապահովելու պահվող անձանց ու նրանց ընտանիքների միջև կապը»։ Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր։