AM
10 Սեպտեմբեր 2025 - 14:35 AMT

Դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմի միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը։

Նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդել է դիմել Հակակոռուպցիոն դատարանի նախագահին՝ քննվող գործը միացնելու այն գործին, որն այժմ գտնվում է դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում, հայտնում է Panorama.am-ը։

Դատավոր Գիվի Հովհաննիսյանը հայտարարել է, որ միջնորդությունը բավարարվում է և դիմելու է դատարանի նախագահին համապատասխան որոշում կայացնելու համար։ Արդյունքում դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով։

Մեղադրանքի համաձայն՝ Սերժ Սարգսյանը, 2006–2015 թթ․զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, վարչապետի և նախագահի պաշտոնները տարբեր տարիներին, ինչպես նաև լինելով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով արգելված պայմաններում մասնակցել է Միխաիլ Բաղդասարովի կառավարման ներքո գործող ընկերությունների գործունեությանը։

Նշվում է, որ Սարգսյանը օժանդակել է «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» ընկերություններին արտոնություններ ստանալու հարցում՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Մեղադրանքում ընդգրկված է նաև պնդումը, որ նա ստացել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Աբիտ» ՍՊ ընկերության 22․5 տոկոս բաժնեմասը, որը ձևական գործարքով վաճառվել է «ԼԼ բիմբո» ՍՊԸ-ին։

Նախնական դատալսումների նախագահող Գիվի Հովհաննիսյանը հայտնել է, որ իր հայրը 2008թ մարտի 1-ի իրադարձությունների գործով ենթարկվել է հետապնդման, ըստ Հովհաննիսյանի՝ ակնհայտ ապօրինի, հայտնում է «Փաստինֆոն»։

«Հայրս, ունենալով ընդդիմադիր քաղաքական հայացքներ, ենթարկվել է ակնհայտ ապօրինի հետապնդման, եղբայրս՝ Դավիթ Հովհաննիսյանը, նշված ժամանակահատվածում ևս ենթարկվել է քրեական պատասխանատվության՝ միայն այն պատճառով, որ եղել է Համլետ Հովհաննիսյանի որդին»,- նշել է նա։

Դատավորը ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ չէ, և այս հանգամանքը թույլ է տալիս իրեն անաչառորեն քննել գործը։

Պաշտպան Ռուբեն Հակոբյանը արձագանքել է․ «Դուք ասացիք, որ Ձեր հայրը ենթարկվել է ապօրինի քրեական հետապնդման, իսկ պարոն նախագահը ենթարկվել և ենթարկվում է ապօրինի հետապնդման»։

Կողմերը ինքնաբացարկի հիմքեր չեն տեսել, և Գիվի Հովհաննիսյանը շարունակելու է գործի քննությունը։