AM
10 Սեպտեմբեր 2025 - 14:51 AMT

Նախարար․ Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է՝ չենք կարող ասել՝ վերջացավ ամեն ինչ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթին՝ ընդգծելով դրա կարևորությունը։ Նա նշել է, որ ստորագրված փաստաթղթերի բովանդակությունից մինչև դրանց հետևած մամուլի ասուլիսների ժամանակ առաջնորդների հնչեցրած դիրքորոշումները վկայում են այն մասին, որ կողմերը հասել են խաղաղության հաստատման կարևոր հանգրվանի։

Միևնույն ժամանակ, նա նշել է․ Եթե առաջիկայում ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է՝ չենք կարող ասել՝ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունը վերջնական հաստատված է: Շատ պարզունակացնելով՝ մենք նկատի ունենք, որ այս պահին կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը մինիմալ է, զրոյի ենք ձգտում, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է և այլն», հայտնում է 1lurer.am-ը։

Նա նշել է, որ կան շահարկումներ՝ ասում են, որ խաղաղությունը հաստատվել է, բայց տեսնում ենք, որ բազմաթիվ խնդիրներ կան, հետևաբար ձեր խաղաղությունը լավ խաղաղություն չէ:

«Հիմա ես նորից առիթը պիտի օգտագործեմ՝ ասելու, որ մենք ճանապարհի սկզբին ենք դեռ: Խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը խնամք է պահանջում, խաղաղությունը հոգատարություն է պահանջում, խաղաղությունը զգուշություն է պահանջում յուրաքանչյուր արտաբերված բառի տեսանկյունից, յուրաքանչյուր շրջանառվող փաստաթղթի տեսանկյունից:

Ի վերջո, ճշգրտենք՝ թշնամանքի պատմություն կա երկար, արյան պատմություն կա երկու ժողովուրդների միջև, իսկ խաղաղությունը երբեք էլ բարեկամ ժողովուրդների միջև չի հաստատվում, խաղաղությունը հաստատվում է այն երկրների, ժողովուրդների միջև, որոնք նախորդիվ ունեցել են արյունահեղություն, պատերազմ, հակամարտություն և այլն: Եվ ահա, մենք ճանապարհի սկզբին ենք»,–ասել է նա։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։