Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ ընդունված որոշումներից մեկի՝ Արմեն Դանիելյանին դատավոր նշանակելու փաստը համարում է նրա ամենամեծ վրիպումներից։
«Պատգամավորներից մեկն ասում էր՝ բայց չէ՞ որ Արմեն Դանիելյանը դատավոր նշանակվել է 2002թ.՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այո, և ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալներից մեկն այն է, որ Արմեն Դանիելյան անուն-ազգանունով մարդը դարձել է դատավոր։ Կարծում եմ՝ ինքն էլ է կիսում այս տեսակետը»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Մարիա Կարապետյանը, արձագանքելով ելույթին, ողջունելի է համարել, որ Խամոյանը սկսել է «մեկ առանձին դրվագով ընդունել Քոչարյանի սխալները»։
«Մի որևէ դատավորի նշանակում չէր կարող լինել մեծագույն սխալ։ Ինձ թվում է՝ Քոչարյանի մեծագույն սխալներն, այնուամենայնիվ, արտաքին քաղաքականության, ԼՂ հակամարտության շուրջ են եղել, ընտրություն կեղծելու մեջ։ Բայց ողջունելի է, որ Դուք սկսեցիք մեկ առանձին դրվագով ընդունել, թե ինչն եք համարում նրա մեծագույն սխալը։ Սա կարևոր է»,–ասել է նա։






