ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ «խաղաղության պայմանագրի» վավերացումից հետո կարող է արտահանձնվել Ադրբեջանին։
Նա նշել է, որ իրեն վերաբերող հարցով մտավախություն չունի, հայտնում է Aysor.am-ը։
«Ինձ վերաբերող հարցով բացարձակապես որևէ մտավախություն չունեմ։ Ես միշտ վախեցել եմ, հիմա էլ եմ վախենում այս կապիտուլյանտ պոպուլիստների հակահայկական քաղաքականությունից, ոը դեռ շատ-շատ բարդություններ է բերելու մեր ժողովրդին։
Եթե հայ ժողովուրդը կհանդուրժի, որ երկրի կառավարիչը, խախտելով Սահմանադրությունը, ՀՀ քաղաքացիներից որևէ մեկին, անկախ նրանից՝ ես կլինեմ, թե այլ անձ, հանձնի այլ երկրի միայն ու միայն այն պատճառով, որ այդ քաղաքացին կատարել է ՀՀ օրենքները, Սահմանադրության պահանջները, ինչը հակառակ երկրի կողմից գնահատվել է որպես «հանցագործություն», այդ դեպքում էլ ի՞նչ կարող եմ ասել․․․»,- նշել է ՀՀ երրորդ նախագահը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






