AM
10 Սեպտեմբեր 2025 - 15:07 AMT

Մարզպետարանների ենթակայության դպրոցները ԿԳՄՍ նախարարությանը կանցնեն 2026 թ. , Երևանի դպրոցները՝ 2027–ին

Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում քննարկման է դրվել «Կրթության մասին» օրենքում և կից օրենսդրական փաթեթում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցող՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ առաջարկվող փոփոխությունները ուղղված են հանրակրթության համակարգում միասնական չափանիշների ներդրմանը և դրանց արդյունավետ կիրառմանը։

Նախարարի փոխանցմամբ՝ նախագծով նախատեսվում է սահմանել միակ լիազոր մարմին՝ ԿԳՄՍ նախարարությունը, որը պատասխանատու կլինի դպրոցների բովանդակային կառավարման համար։ Միևնույն ժամանակ, վարչական և տնտեսական գործառույթների առումով համագործակցությունը կշարունակվի մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ, հայտնում է Արմենպրեսը։

«Դպրոցների բովանդակային կառավարումը՝ որպես լիազոր մարմին, կիրականացվի ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ վարչատնտեսական գործառույթների առումով կշարունակենք համագործակցել մարզպետների աշխատակազմերի և Երևանի քաղաքապետարանի հետ»,- ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ մոտ 1400 դպրոցից ներկայում ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործում է ընդամենը մոտ 130 դպրոց։ Ըստ օրենսդրական նախաձեռնության՝ մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցների փոխանցումը նախարարությանը կիրականացվի 2026 թվականի սեպտեմբերից, իսկ Երևանի ենթակայությամբ գործողները՝ 2027 թվականից։

Ժաննա Անդրեասյանն արձանագրել է, որ ներկայում գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք բարդացնում են քաղաքականության միասնական իրականացման գործընթացը։ Միանձնյա լիազոր մարմնի առկայությունը, ըստ նրա, կնպաստի այդ խոչընդոտների վերացմանը։

Նախարարը նաև նշել է, որ կատարվելիք քայլերը մեխանիկական վերատեղաբաշխման հարց չեն, այլ ընդգրկուն համակարգային բարեփոխման մաս են կազմում։

«Նախատեսում ենք, որ համակարգման գործառույթների մի զգալի մասը հնարավոր կլինի թվայնացնել, որը թույլ կտա շատ ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնել ոլորտի վարչարարությունը։ Այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքները սկսված են: Մասնավորապես՝ դպրոցների ֆինանսավորման, ավարտական փաստաթղթերի տրամադրման, էլեկտրոնային մատյանների, տրանսպորտային ծախսերի փոխհատուցման և մի շարք այլ ուղղություններով թվայնացումն ապահովված է: Ամբողջացնելով այս գործընթացը՝ մենք կկարողանանք էական բարելավումներ արձանագրել, որոնք նաև կմեծացնեն ոլորտի հաշվետվողականությունը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը:

Նրա խոսքով՝ որոշ որոշումներ դեռ կկայացվեն համայնքային մակարդակում, սակայն համակարգման և կենտրոնացման կարիք ունեցող խնդիրները կլուծվեն միասնաբար՝ բացառելով տարաբնույթ մեկնաբանությունները։

«Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է հավաստագրման գործընթացների միավորում։ Կազմվելու է ենթաօրենսդրական ակտ, ըստ որի՝ հավաստագրման մեկ գործընթաց անցած անձինք կարող են մասնակցել թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական, և թե՛ մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենի պաշտոնների համար հայտարարվող մրցույթներին։ Բացի այդ, աշխատանքային ստաժի նվազագույն շեմը կիջեցվի՝ հավաստագրման դիմելու հնարավորությունն ընդլայնելու նպատակով։

Օրենսդրական փաթեթով նախատեսվում են փոփոխություններ նաև «Հանրակրթության մասին», «Տարածքային կառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։