Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չի տեսել որևէ օգտակար բան:
«Հետահայաց վերլուծելով՝ պետք է ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չեմ տեսնում որևէ օգտակար բան: Չի եղել այդ խմբի գործունեության մեջ երբեք որևէ օգտակար բան: Այդ խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ կոնֆլիկտը խորանա և դառնա լծակ՝ մարիոնետային իրավիճակում պահելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ տարածաշրջանը»,–ասել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը։
Նա հավելել է, որ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է եղել:
«Մեզ չեն ասել դրա մասին: Եթե լուծված է եղել, ինչո՞ւ չեն ասել, որովհետև օրակարգում է եղել Հայաստանի հարցը: Ինչպե՞ս լուծել Հայաստանի հարցը: Ի՞նչ էր լինելու Հայաստանի հարցի լուծման արդյունքում: Լինելու էր Հայաստանի տարածքային ամբողջականության մասնատում և ինքնիշխանության ու անկախության կորուստ»,–ասել է վարչապետը:
Նա հավելել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով տեղի ունեցած բոլոր բանակցությունները նրա մասին են եղել, որ հայկական կողմի բոլոր կախվածությունները կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն, հնգապատկվեն ու տասնապատկվեն:
«Որովհետև այդ ճանապարհով գնալը նշանակում էր հրաժարվել ՀՀ անկախությունից դե ֆակտո: Մենք իրար հետ չենք գնացել այդ ճանապարհով: Այսօր ՀՀ–ն անկախ է՝ ավելի, քան երբևէ, պետություն է ավելի, քան երբևէ, ինքնիշխան է՝ ավելի, քան երբևէ, և դա այդ թվում մեր նահատակների զոհողությունների շնորհիվ»,–ընդգծել է Փաշինյանը:
Օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում համատեղ դիմում են ներկայացրել ԵԱՀԿ-ին՝ առաջարկելով լուծարել Մինսկի խումբը։
ԵԱՀԿ Մինսկի գործընթացը սկիզբ է առել 1992 թվականին՝ նպատակ ունենալով կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։ Նրա հիմնական հարթակը եղել է Մինսկի խումբը, որի համանախագահներն են եղել Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան։






