Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այցելել Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ տեղում գնահատելու 2024 թվականին իրականացված սահմանազատման արդյունքները։ Նա այդ մասին ասել է ԱԺ–ում՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, որի կարծիքով, այնտեղ չկան անվտանգության երաշխիքներ և գործուն մեխանիզմներ։
Նա տեղեկացրել է, որ Կիրանցում 50 տուն է կառուցվում։
«Ինձ համար կա օրինակելի բնակավայր: Ասում էին, թե մարդիկ հեռանում են գյուղից։ Կիրանցը Ձեր նշած լավագույն ժամանակներում ունեցել է 84 տուն, այսօր 50 տուն է կառուցվում»,–ասել է Փաշինյանը:
2024–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մի քանի հատվածում, այդ թվում նաև Կիրանց գյուղի շրջանում, սահմանազատում է իրականացվել։ Կիրանցում նաև մոդուլային նոր դպրոց է կառուցվել։
Կիրանց գյուղի 100 տեղանոց նորակառույց դպրոցը գտնվում է թշնամու հետ սահմանից ընդամենը 40 մետր հեռավորության վրա։ Կան աշակերտներ, որոնք տեղափոխվել են հարակից գյուղի դպրոց, քանզի ծնողներն անվտանգ չեն համարում թշնամու նշանառության տակ գտնվող դպրոցում դասապրոցես կազմակերպելը։






