ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2026–ի ամառային զորակոչից սկսած ժամկետային զինվորական ծառայության տևողությունը սահմանել 1.5 տարի՝ ներկայիս 2 տարվա փոխարեն, հայտնում է Auroranews-ը։
Նախագծում, մասնավորապես, սահմանվում է.
«Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «24 ամիս» բառերը փոխարինել «18 ամիս» բառերով.
Հոդված 2. Եզրափակիչ մաս
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը չի տարածվում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա»:
Փաստաթղթում որպես փոփոխության հիմնավորում ներկայացված է, որ այս քայլը հանդիսանում է ՀՀ Զինված ուժերում նախատեսվող բարեփոխումների մի մաս, որոնք միտված են ծառայության համակարգի արդիականացմանը։
Փաշինյանն ԱԺ–ում պարզաբանել է, թե ինչու 2026-ի բյուջեում պաշտպանական ծախսերի ավելացում, հնարավոր է, չլինի։ Վարչապետի խոսքով՝ 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, գրանցվել է պաշտպանական ծախսերի անհամաչափ մեծ աճ, և դրանց մի մասն ուղղվել է ապագա պարտքերի ու պարտավորությունների մարմանը։






