2020-ի պատերազմի ժամանակ ձախողված բանակային հակահարվածի (Լելե Թեփեի օպերացիա) գործով սեպտեմբերի 10-ի դատական դռնփակ նիստին դատախազը հրապարակել է ռազմագիտական փորձաքննության եզրակացությունը: Այդ մասին ասել է Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի («Ցոր») հրամանատար Արթուր Օհանյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը` առանց այլ մանրամասներ հայտնելու, հայտնում է ՍիվիլՆեթը։
Անցած դռնփակ նիստին դատարանը հետազոտել է գաղտնիք պարունակող գրավոր ապացույցներ՝ քարտեզներ, մարտական կարգադրություններ և այլն։
Նախորդ՝ փակ նիստի ընթացքում դատարանը քննության է առել գաղտնի նյութեր պարունակող գրավոր ապացույցներ՝ մարտական քարտեզներ, հրամաններ և այլ փաստաթղթեր։
Լելե Թեփեի հակահարվածի գործով որպես մեղադրյալ ներգրավված են «Ցոր» բրիգադի նախկին հրամանատար Արթուր Օհանյանը, նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։ Ըստ մեղադրանքի՝ զորամասի հրամանատարը պատասխանատվության է ենթարկվում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, իսկ երկու գումարտակի հրամանատարները՝ զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար։
Բանակային հակահարվածի գաղափարն առաջարկել էր Արցախի անվտանգության խորհրդի այն ժամանակվա քարտուղար Սամվել Բաբայանը։ Նրա նանախաձեռնությամբ՝ նպատակ էր դրվել 2020-ի հոկտեմբերի 7-ին Արցախի հարավային ուղղությամբ ներթափանցած ադրբեջանական ուժերին շրջափակել և կտրել դրանց թիկունքային մատակարարումը։
Ադրբեջանական ուժերի մատակարարման ուղին անցել է Լելե Թեփեի բարձունքի մերձակայքով և ձգվել է Իրանի սահմանով՝ հասնելով Հայաստանի հետ սահմանի։ Հայկական ուժերի խնդիրը եղել է Քենդ Հորադիզից առաջ շարժվել և փակել այդ ուղին՝ Լելե Թեփեն թողնելով թիկունքում։
Հակահարվածի գլխավոր ուժերը պաշտպանության բանակի պահեստային ստորաբաժանումներն էին՝ Իվանյանի տանկային և Ստեփանակերտի մոտոհրաձգային բրիգադները։ Տանկային բրիգադը պիտի փակեր սնուցման ճանապարհը՝ հաստատվելով նոր բնագծում, մոտոհրաձգային բրիգադը՝ «Ցոր»-ը, առաջինի թիկունքը ապահովելով, պիտի ոչնչացներ ներս թափանցած հակառակորդին։






