Հայկական կրթական հիմնարկությունը` Armenian Educational Foundation, իր 75-ամյակի հանդիսավոր միջացառման ընթացքում, հեղինակավոր՝ Educational Visionaries Award մրցանակը շնորհել է կրթական մի շարք նախաձեռնությունների հեղինակներ, սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին՝ որպես կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչների:
Նրանք մրցանակի են արժանացել միջազգային կրթության ոլորտում իրենց ներդրման և UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադրման համար, որը փոխել է ոչ միայն Դիլիջանի կյանքը, այլև նպաստել, որ Հայաստանն իր ուրույն տեղը զբաղեցնի միջազգային կրթական քարտեզի վրա:
Լոս Անջելեսում օրերս կայացած՝ «Որովհետեւ կրթությունը կարեւոր է» խորագրով միջոցառման ժամանակ ներկայացվել է կազմակերպության 75 -ամյա գործունեությունը, ինչպես նաև մրցանակներ են շնորհվել կրթության նվիրյալներին:
Վերոնիկա Զոնաբենդը ներկա է գտնվել միջոցառմանը ու իր և ամուսնու՝ արդեն երկու տարի ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի անունից շնորհակալության է հայտնել նման գնահատանքի համար:
«Կնախընտրեի, որ մենք այստեղ Ռուբենի հետ միասին կանգնած լինեինք: Հայաստանը կրթության միջոցով փոխելու Ռուբենի կիրքն ու սերն ինձ ոգեշնչեցին անել նույնը»,-իր խոսքում ասել է Վերոնիկա Զոնաբանեդը:
Հայ կրթական հիմնարկության նվիրատու, կրթության հարցերով միջազգային խորհրդատու Ալիս Պետրոսյանը ընդգծել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ներդրումը կրթության ոլորտում: Նա նշել է, որ նրանք երազում էին Հայաստանը դարձնել միջազգային կրթական գերազանցության կենտրոն, և 2014 թվականին հենց այդպես էլ արեցին՝ հայկական փոքրիկ քաղաքում՝ Դիլիջանում հիմնադրելով UWC քոլեջը, որը ներկայումս ունի ավելի քան 220 ուսանող 87 երկրներից և «իրական օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի աշխարհը խաղաղության պայմաններում»:
Ալիս Պետրոսյանը հիշատակել է նրանց ձեռնարկած կրթական այլ ծրագրերի՝ մասնավորապես Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպոցի, «Մատենա» միջազգային դպրոցի, տարբեր նախաձեռնություններոի շրջանակում տրամադրված կրթաթոշակների մասին:
«Ռուբենն ու Վերոնիկան շարունակում են ունենալ իրենց տեսլականը Հայաստանի համար: Նրանք հավատում են, որ կրթությունն է այն բանալին, որի միջոցով հնարավոր է հասնել խաղաղության, մարդկային բարության ողջ աշխարհում»,-նշել է Ալիս Պետրոսյանը:






