AM
11 Սեպտեմբեր 2025 - 10:19 AMT

ԱԺ նախագահ․ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

Լրագրողները հետաքրքրվել են` Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպում կկայանա՞, հայտնում է Sputnik Արմենիան։

«Կարծում եմ՝ երկրի ղեկավարը չէր գնա Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ։ Հնարավոր է՝ վարչապետը հանդիպում ունենա վարչապետների ֆորմատով, որը պայմանավորված է մեր երկրի պառլամենտական լինելու, մնացածի՝ նախագահական լինելու հանգամանքով, բայց եթե երկրի ղեկավարի այցը պաշտոնական է կամ աշխատանքային, չի կարող լինել առանց նման հանդիպման»,– պատասխանել է ԱԺ նախագահը։

Սեպտեմբերի 25-28-ը Մոսկվայում անցկացվելու է «World Atomic Week» միջազգային համաժողովը, որը միջուկային արդյունաբերությանը նվիրված խոշոր միջոցառում է։

Օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հանդիպել են Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում: