AM
11 Սեպտեմբեր 2025 - 10:38 AMT

Ալեքսանյանն՝ ընդդիմությանը. Բա ասեք, որ դուք եք այդ մարդկանց՝ Բաքվի բանտում լինելու հովանավորը

Ազգային ժողովը շարունակել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուների ընտրության հարցի քննարկումը, որի ընթացքում ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև տեղի է ունեցել բանավեճ։

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը արձագանքել է ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին՝ մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ելույթին՝ մեղադրելով ընդդիմությանը կեղծ օրակարգեր ստեղծելու մեջ, հայտնում է 1lurer.am-ը։

«Հայաստանում կա՞ մարդ, որը համարում է, որ Բաքվի դատավարությունները շինծու չեն, կամ որ գերիները պետք է հետ գան: Ես չեմ կարծում, որ նման թեմա կա ընդհանրապես: Անիմաստ թեմա եք ստեղծում ու սկսում պայքարել: Մեր բոլոր գերիները պիտի վերադառնան, դատավարություններն էլ շինծու են», – հայտարարել է Ռուբինյանը։

Նա ընդգծել է, որ դատարանի թեկնածուները քաղաքական գործիչներ չեն, ու նրանցից ընդդիմությանը հաճոյանալու հայտարարություններ ակնկալելը անհիմն է։

Իր հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթում սուր քննադատությամբ է հանդես եկել ընդդիմության հասցեին՝ նշելով, որ նախ պետք է պարզել, թե ինչու են այդ մարդիկ հայտնվել Բաքվի բանտերում և հավելել, որ ընդդիմադիրներն են նրանց՝ բանտում լինելու հովանավորը:

«Բա այդ հարցի պատասխանը ի սկզբանե փորձեք տալ», – ասել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ իշխանությունները շարունակաբար կոչ են արել գնալ բանակցությունների։

«Մի հատ ասեք՝ ձեր շեֆերն ինչ էին համոզում այդ մարդկանց, ինչ էին պարտադրում, որ մենք այստեղից նշաձող իջեցնելուց էինք խոսում, դուք գալիս-ինչ էիք ասում, ինչ տեքստեր էիք ասում:

Բա գնացեք այդ մարդկանց ընտանիքներին ասեք, որ ձեր ասած տեքստերի ու պնդումների հետևանքով են բանտում: Բա ասեիք, որ Սոֆյա գնալ-բանակցելուն դեմ էիք, որ դուք եք նրանց՝ բանտում լինելու հովանավորը: Այդ պատասխանները տվեք: Ասում են՝ վերադառնալու ենք Լեռնային Ղարաբաղ, բա մի հատ ասեք՝ ի սկզբանե ինչի են դուրս եկել ԼՂ-ից այդ մարդիկ: Էդ մարդկանց ճակատագրերը խեղեցիք, էդ մարդկանց այնտեղից բերել տվեցիք, եկաք էստեղ՝ Հակարիի կամուրջը բացեք, բացեք…

Էդ մարդկանց էնտեղից հանեցիք էն հույսով, որ պետք է բերեք միտինգի մատերիալ սարքեք ձեր տրամաբանությամբ: Տեսաք՝ չեք կարողանում, էսօր էլ ասում եք՝ վերադարձ:

Ժողովո՛ւրդ ջան, կլինի՞, որ դուք ոչ մի բան էլ չնախաձեռնեք առհասարակ», – հայտարարել է Ալեքսանյանը։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։