Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը, ասել է, որ թեմա այս պահին չի քննարկվում։
«Նման խոսակցություններ մենք չենք ունեցել, որևիցե նոր բան չեմ կարող ասել»,–նշել է Սիմոնյանը, գրում է Aysor.am-ը։
Լրագրողների հարցին, թե ներկայումս գործում է արդյոք հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանական համակարգը, ԱԺ նախագահը պատասխանել է, որ ինքը տեղեկություն չունի և այդ թեմայի վերաբերյալ որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1995 թ-ին ու ներկայումս մարտական հերթափոխ է իրականացնում ԱՊՀ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ներքո: Ռազմաբազան իր հազար անձնակազմով ենթարկվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգին: Այն զինված է հակահրթիռային С-300 համակարգերով ու ՄԻԳ-29 կործանիչներով:
2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.:






