AM
11 Սեպտեմբեր 2025 - 10:58 AMT

Թմրամիջոցներ իրացնող խմբի անդամները կատարել են 29 մլն դրամի փողերի լվացում

Քննչական կոմիտեն ձեռք է բերել փաստական տվյալներ այն մասին, որ Ա.Ա.-ն, 2021 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի ապրիլը, մի շարք անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Տելեգրամ» հավելվածի միջոցով ձեռք է բերել և իրացրել առանձնապես խոշոր չափերով «ՄԴՄԱ», «Մարիխուանա» և «Կոկաին» տեսակի թմրամիջոցներ։ Այդ թմրամիջոցները առցանց փոխանցվել են սպառողներին, որոնք նախապես դիմել են նման գնում կատարելու նպատակով։

Քննչական կոմիտեն հայտնել է նաև, որ Ա.Ա.-ն առանձին կերպով ապօրինի ձեռք է բերել 9.47 գրամ քաշով «Կոկաին», որը ևս նախատեսված է եղել իրացման նպատակով։

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ա.-ն թմրամիջոցներ պատվիրած անձանց տրամադրել է տարբեր կրիպտոարժույթային դրամապանակների տվյալներ՝ որպեսզի վերջիններս նշված էլեկտրոնային հասցեներին փոխանցեն վճարումները։

Այս եղանակով Ա.Ա.-ն ու նրա հանցակիցներն իրենց տնօրինության տակ են վերցրել հանցավոր ճանապարհով ստացված և էլեկտրոնային դրամապանակների ու բանկային հաշիվների միջոցով փոխանցված ընդհանուր 29 մլն 292 հազար 406 դրամ գումար։

Ա.Ա.-ի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրացման նպատակով) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։

Մեկ անձի վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է հսկող դատախազին՝ հաստատման և ըստ էության դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. Հանցագործության մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նրա մեղավորությունը հաստատված չլինի։