AM
11 Սեպտեմբեր 2025 - 11:32 AMT

Ղուկասյանը՝ որդու ձերբակալման մասին․ Սրանով ինձ չեն կոտրի

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը վստահ է, որ իր որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ նախաձեռնված իրավական գործընթացն իրականում իր դեմ է։ Այդ մասին նա ասել է Գյումրու համայնքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով որդու ձերբակալության մասին լուրը։

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է շորթման դեպքին։

Ղուկասյանը իշխանություններին ուղղված խոսքում ընդգծել է, որ իրեն նման գործերով չեն կարող կոտրել, գրում է Sputnik Արմենիան։

«Դու սրանով ինձ չես կարող կոտրել։ Եթե մարմինս կոտրես, հոգիս չես կոտրի, բռնել տալով երկիր չեն պահում, պատին ծեփելով, ասֆալտին փռելով դու մարդկանց հանում ես քո դեմ, մարդկանց պահում են սիրով, ապրելով և ապրեցնելով», – ասել է նա։

Նրա խոսքով՝ այս իրավիճակը ծանր է նաև իր ընտանիքի համար, քանի որ ինքն անգամ դժվարանում է թոռնիկների աչքերին նայել՝ գիտակցելով, որ ամեն ինչ իր պատճառով է արվում։ Ղուկասյանը համոզված է, որ այս գործելակերպով իշխանությունները փաստացի խոստովանում են իրենց քաղաքական պարտությունը։

Քաղաքապետը նշել է, որ որդուն անվանել է Սպարտակ՝ ազատության խորհրդանիշի անունով։

«Դուք մտածում եք, որ ես կարող ա գլո՞ւխ կախեմ ձեր դիմաց կամ գամ, ձեր հետ բանակցեմ, կամ ստուկաչ դառնամ մյուսների պես, որ վլաստը գա, գլխարկս փոխեմ։ Իմ գլխարկը երբեք չի փոխվի», – ընդգծել է Ղուկասյանը՝ հավելելով, որ որդու ազատության համար պայքարելու է օրինական բոլոր ճանապարհներով։

Նա նաև քննադատել է իշխանությանը, որը չի հաշտվում Գյումրիում կրած ընտրական պարտության հետ։

«Արցախը տվիք, էդքան չխառնվիք իրար, Գյումրու քաղաքապետարանի համար էս ի՞նչ եք անում, էս ի՞նչ ողբ ու ոռնոց եք դրել։ Ի՞նչ, էստեղից շատ ատկատ կա՞ր, որ տանում էիք», – հայտարարել է նա։

Ղուկասյանի խոսքով՝ որդուն կալանավորել են երկու ամսով, և գործը վերաբերում է ընդամենը 24 քմ տարածք զբաղեցնող մոտ 90 հազար դրամ արժողությամբ շինանյութի՝ «խիբարի» հարցին, որը նույնիսկ հաշվառված չի եղել քաղաքապետարանի գույքագրում։

Ղուկասյանի որդու ձերբակալությունը, ըստ փաստաբան Արսեն Բաբայանի, իրականացվել է իր 1,5 տարեկան երեխայի ներկայությամբ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։

«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո բազմաթիվ են քննչական, հարկադրանքի ու դատավարական գործողությունները, որոնց նպատակը ոչ թե հենց այդ գործողության օրենսդրությամբ նախատեսված նպատակն է, այլ՝ ընտանիքներին ամեն գնով ճնշելը, անգամ փոքրահասակ երեխաներին…

Չէիք կարո՞ղ այլ կերպ ու այլ վայրում ձերբակալել: Սրա միակ նպատակը մարդկանց անդադար վախի մթնոլորտում պահելն է: Սա իշխանական տեռոր է հայ ժողովրդի նկատմամբ»,– գրել է նա։

Մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած ավագանու ընտրություններին մասնակցել են 6 կուսակցություն և 3 դաշինք, որոնցից 5-ը հաղթահարել են անցողիկ շեմը։ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8, «Մեր քաղաքը» դաշինքը՝ 6, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2 մանդատ։

Ապրիլի 16-ին կայացած ավագանու նիստում, կուսակցությունների ձևավորված դաշինքների աջակցությամբ, Վարդան Ղուկասյանը կրկին ընտրվել է Գյումրու քաղաքապետ։