AM
11 Սեպտեմբեր 2025 - 11:37 AMT

Գալյան․ Հուսով եմ՝ զարգացումներն այնպես կգնան, որ անձինք, որոնք ոչ մեր պետության տարածքում են, կվերադարձվեն

Կառավարության ճեպազրույցի ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոսել է խաղաղության օրակարգի և գերիների խնդրի մասին՝ ընդգծելով, որ խաղաղության հասնելը որոշում է ժողովուրդը։

«Խաղաղությունն ունի գին: Այդ գինը վճարե՞լ, թե՞ չվճարել՝ որոշում է ժողովուրդը: Մենք առաջնորդվում ենք խաղաղության օրակարգով: Դա մեր օրակարգն է, որը թելադրված է հենց ժողովրդի կողմից», – նշել է նախարարը, հայտնում է 1lurer.am-ը։

«Ինչ վերաբերում է ռազմագերիներին կամ գերիներին, այո՛, դա ցավոտ հարց է, բայց այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող անձանց մեծ մասը մեր պետության ջանքերի արդյունքում վերադարձվել է ՀՀ։

Ես լիահույս եմ, որ առաջիկայում զարգացումները կգնան այն ուղղությամբ, որ անձինք, որոնք ոչ մեր պետության տարածքում են, կվերադարձվեն մեր պետություն», – ասել է Գալյանը։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։