ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել, որ իշխանափոխությունից հետո կարող է ձևավորվել Արցախի խնդրի լուծման այլ ձևաչափ:
Նա հորդորել է չմոռանալ Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ստեղծված հարթակի մասին։
«Փաշինյանի դավաճանական քայլերի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, անշուշտ, հարված է Արցախյան խնդրի կարգավորման միջազգային հնարավորություններին։
Սակայն դա եւս շտկելի է։ Իշխանափոխությունից հետո նոր կառավարության նպատակային քաղաքականության դեպքում հնարավոր է ակնկալել խնդրի կարգավորման համար այլ միջազգային ձեւաչափի ստեղծում։
Իսկ մինչ այդ հիշեցնում եմ, որ Շվեյցարիայի խորհրդարանի կողմից այս տարվա մարտին ընդունված բանաձեւով արդեն ստեղծվել է, թեկուզ ավելի թույլ և սահմանափակ մանդատով, բայց Արցախյան խնդիրը միջազգային հարթակներում ինստիտուցիոնալ կերպով պահելու մեխանիզմ՝ Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh, որից թե Արցախի ԱԺ-ն, թե Հայաստանի հասարակա-քաղաքական ուժերը պարտավոր են մաքսիմալ օգտվել։
Հորդորում եմ այս մասին չմոռանալ եւ էֆեկտիվ աշխատել այդ հարթակի հետ»,–գրել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չի տեսել որևէ օգտակար բան:
Օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում համատեղ դիմում են ներկայացրել ԵԱՀԿ-ին՝ առաջարկելով լուծարել Մինսկի խումբը։ Գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։






