AM
11 Սեպտեմբեր 2025 - 12:36 AMT

Գրիգորյան․ ԱՆԻՖ–ի 25 մլրդ դրամը հօդս է ցնդել և որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, Ավինյանը մեղադրյալ չէ

Ազգային ժողովում տեղի ունեցած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձ է կատարել ԱՆԻՖ-ին՝ շեշտելով, որ երբ խոսքը վերաբերում է կոռուպցիային, չի կարելի անտեսել այդ հիմնադրամի գործունեությունը։

«Քանի որ խոսում ենք կոռուպցիաից, իհարկե, չեմ կարող չխոսել ԱՆԻՖ-ի մասին»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ ԱՆԻՖ-ը հիմնադրվել է միջազգային դոնորների աջակցությամբ՝ ներդրումներ Հայաստան ներգրավելու նպատակով։

«Այն մի քանի տարի կյանք ունեցավ, որի արդյունքում պետական բյուջեից, այն է՝ հարկատուների գրպանից, մսխվել է 25 միլիարդ դրամ։ 25 միլիարդ դրամ հօդս է ցնդել և անհետևանք, որևէ մեկը մինչև այսօր պատասխանատվություն չի կրում սրա համար»,- ասաց Գրիգորյանը։

Պատգամավորը նշել է, որ բազմիցս հարցրել է՝ արդյոք որևէ մեկը ներգրավվա՞ծ է որպես մեղադրյալ։

«Պարզվում է, երեք մարդ ներգրավված է այս գործում, որից երկուսը Հայաստանում չեն։ Այսինքն, մարդիկ սպասել են, այդ երկուսը Հայաստանից գնացել են։ Նրանցից մեկը, որն ԱԻՖԻ-ի տնօրենն էր համարվում, այսօր մեղադրվում է Գազայում մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու մեջ։

Բայց նա չի գտնվում Հայաստանում։ Քննչական մարմինը սպասել է՝ այդ մարդիկ դուրս գան, նոր մեղադրանք ներկայացնի։ Պարզ է չէ՞, որ սա անհետևանք գործընթաց է լինելու, որևէ մեղադրյալ չի հայտնվելու»,- ասել է Գրիգորյանը։

Նրա հայտարարությամբ՝ այս երեք անձինք ներգրավված են 1․5 միլիարդ դրամի մսխման գործով, որը փոխանցվել է ԱՄՆ-ում օֆշորային ընկերությանը՝ ինչ-որ ծրագրի իրագործման համար։

«Հիմնադրամից 1․5 միլիարդ փոխանցել է ԱՄՆ-ում օֆշորում գրանցված ընկերության ինչ-որ ծրագիր իրականացնելու համար։ Արդյունքում ծրագիրը չի իրականացվում, 1․5 միլիարդը չկա։ Բայց այս երեք մեղադրյալները 1.5 միլիարդի մսխման մեղադրյալներն են։ Բա մնացած 23.5 միլիարդն ո՞վ է մսխել, դրա համար ո՞վ է պատասխան տալու»,-ասել է պատգամավորը։

Գրիգորյանը նշել է, որ չնայած Տիգրան Ավինյանը այս պահին մեղադրյալների շարքում չէ, սակայն նա կարևոր դեր է ունեցել՝ լինելով ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ։

«Նա մեղադրյալների մեջ չկա, չի էլ հարցաքննվել։ Պարզվում է՝ նրա ընտանիքում բավականին հաջողակ ձեռքբերումներ կան։ Ավինյանի մայրը վերջերս ձեռք է բերել 490 հազար դոլարանոց առանձնատուն, Ավինյանի հայրը՝ մոտավորապես 200 հազար դոլարանոց առանձնատուն Սևանում։ Լավ, այսքան հաջողություններ միանգամից ո՞նց է լինում։ Նման աննախադեպ հաջողություններ Տիգրան Ավինյանի կյանքում։ Լավ է, չէ՞»,- ասել է Գրիգորյանը։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմանդրամ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի: Այսպիսի հանձնարարություն է տվել Քննչական կոմիտեն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Քննչական կոմիտեն չի հայտնել՝ արդյոք այս գործով հարցաքննվել է 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանը։