«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ կառավարության կողմից ռազմական բյուջեի ու զինծառայության ժամկետի կրճատումը համապատասխանում են Ադրբեջանի թելադրած օրակարգին և սա համընկնում չէ։
«Սա հերթական պահանջներից մեկն է, որ հայկական զինված ուժերը պետք է սահմանափակվեն, սպառազինությունը պետք է սահմանափակվի, ապառազմականացվի: Hիմա իրենք գնում են այդ ուղղությամբ՝ անշուշտ, դա ներկայացնելով, իբրև խաղաղության հասնելու ինչ-որ հերթական հնարավորություն»,-ասել է նա։
Պատգամավորն ընդգծել է, որ գործող իշխանությունն իր քայլերով հետևողականորեն «իրականացնում է թշնամու պահանջները՝ դրանք ներկայացնելով իբրև խաղաղության նախաձեռնություններ», հայտնում է «Փաստինֆոն»։
«Թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին, սրա խաղաղությունը ո՞րն է։ Ամբողջ պրոբլեմն այն է, որ երբ մենք ասում ենք, որ շարունակ զիջելով խաղաղության չես հասնի, որ սրա բերածը խաղաղություն չի՝ սրանք մեզ մեղադրում են, թե մենք պատերազմի ուժեր ենք, իրենք ուզում են խաղաղություն բերեն, իսկ սպառնալիք ենք խաղաղության համար։ Մենք չենք սպառնում Հայաստանի խաղաղությանն ու ինքնիշխանությանը, սպառնում են թշնամիները, օրվա Հայաստանը իշխանությունը։
Դուք լսե՞լ եք սրանք մի թթու բառ վերջին 5 տարվա մեջ ասեն այն պետությանը, այն պետությունների ղեկավարներին, ովքեր անընդհատ ամենավերջին բառերով նախ ծաղրում են իրենց։ Ալիևի կոշիկները լիզելը, իրենց համար կարող է լուրջ դիվանագիտություն է, իմիջիայլոց ամեն անգամ, երբ որ հանդիպում են Էրդողանին, Ալիևին, լիզում են կոշիկները, խոնարհվում են, գալիս են այստեղ, ավելի մեծ առոգանությամբ և տոնով սկսում են հոխորտալ ընդդիմության վրա», ասել է Սաղաթելյանը։
Կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որով պարտադիր զինծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1.5 տարի և որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում պարզաբանել է, թե ինչու 2026-ի բյուջեում պաշտպանական ծախսերի ավելացում, հնարավոր է, չլինի։Վարչապետի խոսքով՝ 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, գրանցվել է պաշտպանական ծախսերի անհամաչափ մեծ աճ, և դրանց մի մասն ուղղվել է ապագա պարտքերի ու պարտավորությունների մարմանը։






