AM
11 Սեպտեմբեր 2025 - 14:37 AMT

Տեր-Պետրոսյան․ Զանգեզուրի տրանսպորտային հանգույցը պետք է լիովին վերահսկվի ՀՀ կողմից

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հանգուցալուծումը, նշել է, որ կխուսափեր «Զանգեզուրի միջանցք» բնորոշման գործածումից, քանի որ այն որոշակի մտավախություններ է առաջացնում մեր հասարակության ակտիվ շերտերում, հայտնում է ilur.am-ը։

«Հետևաբար, կարծում եմ, որ դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը։

Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից: Ինչ վերաբերում է շահագրգիռ այլ պետությունների քաղաքական և տնտեսական նպատակադրումներին, ապա Հայաստանն, իմ համոզմամբ, ի վիճակի է, միջազգային իրավունքի պահանջների համաձայն, երաշխավորել նրանց անխափան գործունեությունը: Այդ հարցում Հայաստանը, կամա, թե ակամա, ակնկալում է իր ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի ակտիվ համագործակցությունը, հակառակ նրանց միջև առկա ակնհայտ տարաձայնությունների:

Մեծ տերությունների միջև հակասությունները, որպես կանոն, ավելի հեշտությամբ են լուծվում, քան փոքր երկրների միջև, ինչը բացատրվում է մեծերի հասունության հանգամանքով: Դրա ապացույցն են, մասնավորապես, Կարիբյան (1962թ.) և Դամանսկի (1969թ.) ճգնաժամերի հաղթահարումը, գերտերությունների մրցակցությանը զուգընթաց ժամանակ առ ժամանակ միմյանց միջև կնքված սպառազինությունների կրճատման համաձայնագրերը, պրոքսի պատերազմների պարագայում իրենց փոխհամաձայնեցված լուծումները և այլն»,-ասել է նա։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։