AM
11 Սեպտեմբեր 2025 - 14:41 AMT

Փաշինյան․ ՀՀ–ն կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան։ Քննարկումների հիմնական թեման դարձել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը։ Երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության և զարգացման կարևորությունը։

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը, ինչը նպաստում է նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղմանը։

Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այդ համատեքստում նա անդրադարձել է օգոստոսի 8-ին ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին և խաղաղության ու հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրմանը։

Դեսպանները ողջունել են վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ դրանք գնահատելով որպես վճռորոշ քայլեր երկարաժամկետ կայունության ուղղությամբ։ Նրանք նաև բարձր են գնահատել Հայաստանի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի բարեփոխումների ընթացքի և միջազգային համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ընդունել է նաև ՀՀ նախագահը։